Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կանադան, Եգիպտոսը, Թուրքիան

Կանադան, Եգիպտոսը, Թուրքիան
30.10.2015 | 11:49

Ընտրությունները ժողովրդավարությունների համար նորացման փուլ են: Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրություններից առաջ աշխարհն ականատես եղավ տարբեր երկրներում տարատեսակ ընտրությունների, որ լայնորեն քննարկում է:


Կանադայի դաջվածքներով վարչապետը
Սովորաբար ընտրությունների արդյունքները Կանադայի պես հյուսիսամերիկյան երկրում աշխարհում նշանակալից արձագանք չեն ստանում: Բայց ոչ այս անգամ: 43-ամյա Ջաստին Տրյուդոն, որ վարչապետի պաշտոնում հաջորդեց համարյա տասը տարի պաշտոնավարած, պահպանողական Ստիվեն Հարպերին, միանգամից իր վրա հրավիրեց ամբողջ աշխարհի ուշադրությունը՝ և իր հաջողությամբ, և արտաքինով, և գեղեցկուհի կնոջ հետ ընտանեկան լուսանկարներով: Ինչո՞ւ պահպանողականները պարտվեցին թեմայով վեճերի ժամանակ վերլուծաբանները համակարծիք էին, որ ժողովուրդը հոգնել է Հարպերից ու պահպանողականներից, թեկուզև նրանք հաջողությունների են հասել շատ ոլորտներում: Տնտեսության ստագնացիան, փախստականների նկատմամբ կոշտ քաղաքականությունը, մանր կոռուպցիոն սկանդալները նպաստեցին լիբերալ կուսակցության ու Տրյուդոյի վերելքին: Համաշխարհային մամուլի ուշադրությունը գրավեցին լուսանկարները, որտեղ Տրյուդոն պատկերված էր կիսամերկ՝ բոքսի բարեգործական մենամարտից առաջ ու նրա ուսին լավ երևում էր ագռավի դաջվածքը, որին BBC-ին ընդարձակ հոդված նվիրեց իր կայքում: Տատուի պատմության գիտակ Աննա Ֆելիսիտի Ֆրիդմանը հաստատում է, որ Արևմուտքում ուրիշ «դաջված» ղեկավարի չգիտի: ՈՒշադրություն հրավիրելով, որ Կանադայի վարչապետը չի թաքցնում իր դաջվածքները հանրությունից, Ֆրիդմանը եզրակացնում է. «Տրյուդոն, չի վախենում օրիգինալ լինել»: Ագռավի պատկերով դաջվածքը հնդկացիների հայդա ցեղախմբի խորհրդանիշն է, որ ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային ափին, պատկերի ներսում՝ երկրագունդն է: Կկարողանա՞ հմայիչ Ջաստին Տրյուդոն իշխանությունը պահել ինչքան Ստիվեն Հարպերը, որքա՞ն հաջողակ կլինի նա Կանադայի պրոբլեմները լուծելիս: Տեսնենք:


Դատարկ ընտրատեղամասեր Եգիպտոսում
Եգիպտոսը ևս գնաց ընտրությունների ու հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում ընտրողների ռեկորդային ցածր թվով: Աբդուլ Ֆատահ աս Սիսիի վարչակարգը, որ ոչ միայն 2013-ին պաշտոնանկեց ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսիին ռազմական հեղաշրջումով, այլև կասկածելի դատական գործընթաց սկսեց «Մուսուլման եղբայրների»՝ իշխող ամենամեծ քաղաքական շարժումների մեկի նկատմամբ, որոշեց ընտրություններ անցկացնել: Ժողովրդավարացման գործընթացում ժողովուրդը պետք է ընտրի իր ներկայացուցիչներին: «Մուսուլման եղբայրները» արգելված են, իսկ նրանց կողմնակիցները բոյկոտում են ընտրությունները, ընտրական համակարգը ընդդիմությանը համարյա մոտ չի թողնում ընտրություններին, 27-ից 14 նահանգներում ընտրություններին մասնակցեց հազիվ 25 %-ը: 568 պատգամավոր ունեցող խորհրդարանում կլինեն աս Սիսիին աջակցող ալյանսները: Լիովին հավանական է, որ երկրի ղեկավարությունը ընտրությունների արդյունքները համարի օրինական: Ինչպես և մյուս պետությունները, որ իրար հետևից զենքի վաճառքի պայմանագրեր են կնքում Կահիրեի հետ: Իսկ ի՞նչ կլինի լեգիտիմության հետ:


Ձայնը՝ մթերքի դիմաց Արգենտինայում
Լատինական Ամերիկայի ամենահայտնի երկրներից մեկում՝ Արգենտինայում նախագահական ընտրություններ էին՝ առաջին փուլում ոչ ոք չհաղթեց, երկրորդ փուլը նոյեմբերի 22-ին է: Նեստոր Կիրշների 12-ամյա, հետո էլ նրա կնոջ՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կառավարումից հետո արգենտինացիները գնացին ընտրատեղամասեր նոր նախագահ ընտրելու: New York Times-ում հետաքրքիր հրապարակում կար՝ պարզվում է, տարածված պրակտիկա է ընտրությունների նախօրեին ընտրողներին նվերներ բաժանելը և նրանց ձայնը գնելը: Նույնիսկ վիճակահանություն է եղել, որտեղ կարող էիր Chevrolet շահել: Գիտական հետազոտությունների ու սոցիալական ակտիվության կենտրոնի տնօրեն Ռոդրիգո Զարազագան կարծում է, որ ձայներ գնելու մարտավարությունը կարող է ներգործել 5-12 % ընտրողների վրա: Կարելի՞ է այդ թիվը թերագնահատել:


Նոյեմբերի 1-ի ընտրությունները
Թուրքիան կարևոր ընտրությունների նախօրեին է: Յուրաքանչյուր երկիր իր զարգացումն ունի, իր դժվարությունները, իր սպասումները, իր տեսակետները: Մեզ դուր են գալիս ընտրությունների արդյունքները, թե ոչ, երկրին կենդանացնում ու նորացման հնարավորություն են տալիս: Կարևոր է, որ որոշումներն ընդունվեն հաշվի առնելով ժողովրդի դրսևորած կամքը՝ քաղաքական հաշվարկներից գերադասելով երկրի շահերը: Իսկ կրկնակի ընտրությունները կասկածի տակ են դնում քվեարկության ու ժողովրդավարության հաջողությունները: Կարծում եմ՝ Թուրքիայի մեծ մասն այսպես է մտածում:
Նիլգյուն Թեկֆիդան Գյումուշ, "Hurriyet", Թուրքիա


Հ.Գ.
Վստահաբար՝ Կանադայի, Եգիպտոսի, Արգենտինայի ընտրությունների բոլոր հատկանիշները կան Հայաստանում՝ սահմանադրական հանրաքվեից առաջ: Գուցե միայն դաջվածքով վարչապետն է պակասում, բայց նա էլ կարող է հայտնվել, եթե կառավարման մոդել փոխվի Հայաստանում: Ընտրողների ռեկորդային պասիվությունը և ձայներ գնելու արգենտինական «ընտրական ավանդույթը», որ հայտնվել է New York Times-ում՝ 5-12 % ընտրողներով, մեզ համար բոլորովին նորություն չեն: Մենք ավելին գիտենք, մենք ավելին են կարողանում: Մեզ համար զարմանալին, թերևս, այդ ամենի զարմանալի լինելն է: Քվեարկության ու ժողովրդավարության հաջողություններին կասկածելով էլ մեզ դժվար է զարմացնել: Փաստորեն՝ նոր ոչինչ ընդլուսնյա աշխարհում չկա: Օվկիանոսից այն կողմ էլ են իշխանությունն ընտանիքի մեջ կիսում, ձայներ գնում, տարածաշրջանում ընտրությունների լեգիտիմությունը քաղաքական կամքով են որոշում, ժողովուրդն էլ մեր հարևան երկրում կասկածում է իր ժողովրդավարությանը՝ խորհրդարանական կառավարման պարագայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ